Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հետո էլ կասեն՝ պարենային զամբյուղը չի հերիքում

Հետո էլ կասեն՝ պարենային զամբյուղը չի հերիքում
15.03.2022 | 07:23

Ասացի՝ լռեմ, նուրբ հարց է, բայց տեսնում եմ՝ օր-օրի ավելի է ահագնանում տմարդությունը, խոսելով էլ բան չի փոխվի, մանավանդ, այս նեղ հարթակում: Մայրս կասեր՝ մարդու մեջ պիտի լինի, ասելով չի:


Չեմ դատի պարենային այս խուճապը, գուցե վաղն իրոք պատերազմ ու տնտեսական ճգնաժամ լինի, խիղճս չտանջի ասածիս համար:
Մարդիկ են՝ ով ինչ կուզի թող գնի, բայց չափ ասվածը չմոռանան, մի քիչ էլ ուրիշի մասին մտածեն, մի բան էլ խանութում թողնեն, մենք գնենք՝ մեր օրվա կարիքին:
Վայ, տնաշենններ, հետո էլ կասեն՝ պարենային զամբյուղը չի հերիքում, կես ամիս է ձգում… Բա գործազուրկը, ոչ մի տեղից հույս չունեցող թոշակառուն, հաշմանդամ զինվորը, բռնի զորացրվա՞ծն ինչ քար տան գլխներին:
Մյուս մթերքները դեռ հեչ, էնքան այլուր են գնում թոնրատներից, բազաներից, որ հացի դարակներն արդեն դատարկ ենք տեսնում, օրական մի անգամ են հաց հասցնում խանութներ՝ նախկին երկու-երեք անգամի փոխարեն, ու սա դեռ խաղաղ վիճակն է:


Նույն վիճակն է դեղատներում, ու հենց սա ստիպեց ինձ գրել: Մարդն իր սպեցիֆիկ դեղը, որ միշտ է գնել ու առանց որի չի կարող ապրել, չի գտնում արդեն: Դեղատան տերն ասում է՝ միայն մեր սպառողը չի կրում, պարկերով ու դաստաներով դրսերն են տանում բիզնես անողները. դեղատան տերն արդարանում է՝ բազայում էլ չկա, որ պատվիրենք, մաքրել-սրբել են:
Որքան սպեցիֆիկ հիվանդներ այսօր մնացել են առանց իրենց դեղի, տառապում են ցավից, շնչարգելությունից, սիրտ-անոթային հիվանդություններից: Հասարակ դեղերն էլ են պարկերով դուրս հանում, ու ոչ ոք այս մասին չի մտածում, կարևորն իրենց բիզնեսն է, իսկը պահն է Հայաստանի հաշվին փող աշխատելու:


Այսքան էլ անմարդկությու՞ն, հայն իր կողքի հայի մասին չի մտածում:
Հիշեցի 92-ը. մարդկություն կար, մի կտոր հացն ու մթերքը տասը տեղ կիսել կար, բերանից կտրել՝ հարևանը հարևանին տալ կար:
Հին գորիսեցիները, իմաստուն տարեցները երևի զգում էին, որ պատերազմը քթներիցս կախ է, հիշում եմ, իրար խորհուրդ էին տալիս հաց չորացնել: Ով հնար ուներ՝ գյուղերից լավաշ բերեց, չորացրեց, ով՝ չէ, բայց որքան կարող էր այն ձգել, շատ-շատ՝ մեկ-երկու ամիս:
Չորս տարի ժողովուրդը մնաց տալոնի տված գրամների ու կապտասև հացի հույսին, ու չէինք տրտնջում, պատերազմ էր, զինվորին պիտի հասցվեր առաջինը: Ոչ լույս կար, ոչ գազ, ինչպես բոլորը՝ այնպես էլ մենք. այս հոգեբանությունն էր:


Հիմա ամեն մեկն իրեն է քաշում, ու ոչ մեկի մտքով չի անցնում՝ ինչպես բոլորը, այնպես էլ՝ մենք, մի քիչ էլ սակավապետ լինենք, նրբանան մեր հոգիները, մոտենանք Աստծուն:
Հենց միայն այս պատճառով՝ ոչ լավ օրեր հուսացեք, ոչ էլ՝ հաղթանակ:
Մարդը մարդ լինելով է հաղթանակի ու Տիրոջ բարեհաճությանն արժանանում:
Վերջին երեսուն տարին մեզ ոչինչ չի սովորեցրել, փչացել ենք, շատ ենք փչացել:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 14956

Մեկնաբանություններ